«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս: Եթե ինձ վիճակվեր կրկին ապրել, ապա այդ բոլորը նորից կապրեի նույնությամբ«, Շառլ Ազնավուր
Եվ այսպես 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի ծննդատներից մեկի մանկաբարձուհին, չտիրապետելով օտար լեզվի հնչյունաբանությանը, որոշում է Քնար և Միշա Ազնավուրյանների միակ մանչ ներկայացուցչի անունը` Շառլ (մայրս Շահնուր էր ուզում դնել):
Հեռավոր տարիների հիշողության մեջ ամենապարզորոշը քրոջս` Աիդայի կերպարն է ուրվագծվում: Թեպետ նա ինձանից շատ քիչ էր մեծ, սակայն ինձ խնամում էր փոքրիկ մոր պես: Նրա նվիրական իղձը ինձ չաղացնելն էր:
Այնինչ բավական թմբլիկ էի: Վկա` այդ շրջանի իմ լուսանկարը:
Գունատ, բայց լիքը այտերով, հետաքրքրասեր ու կլոր աչքերով, կարճ կտրած մազերով և փոքրիկ, բայց դեպի առաջ թռիչքի պատրաստվող քթով այդ երիտասարդը ես եմ: Ինչ վերաբերում է Աիդային, ինձ չաղացնելու նպատակով այն ամենը, ինչ ընկնում էր ձեռքը, խցկում էր բերանս` կոնֆետ, մսի կտորներ, մետաղադրամ, տաբատի կոճակներ, այն ժամանակ, երբ գրեթե ատամ չունեի:
Հաճախ վազեվազ հասնում էր բժիշկը, ու մինչ մայրս լաց էր լինում, նա զարմացած կանգնում էր ջղակծկումներով ցնցվող փոքրիկ մարմնիս առաջ:
-Ի՞նչ է կուլ տվել:
Ամեն անգամ Աիդան մի տարօրինակ իրի անուն էր տալիս ու հպարտությամբ ավելացնում. «Դուրը եկավ»: Եվ ամեն անգամ բժիշկը ճգնում էր հասկացնել նրան, որ ստամոքսը աղաց չէ: Աիդան սև աչքերը թերահավատությամբ հառում էր նրան ու չէր համոզվում: Ինձ մի լավ լուծողական էին տալիս, գալարվում էի, կուլ տված իրը վերադարձնում ու կյանքի գալիս:
Ասկ Աիդան շարունակում էր.
-Կե’ր աղբարիկ:
Իսկ ես պատասխանում էի. «Այո’ աղբարի’կ»,-համոզված լինելով, որ եթե նա ինձ «աղբարիկ» է ասում, ես էլ նրան նույն կերպ պիտի դիմեմ:
Աիդան տվել էր ինձ այն ամենը, ինչ կարելի է ուտել: Ձկան յուղի ժամին իր բաժին ձկան յուղը ես էի կուլ տալիս, հետո` իմը: Կուլ էի տալիս նաև նրա համար նախատեսված բոլոր դեղերը: Ու քանի որ Աիդան ոչ մի դեղ չէր սիրում, ուստի նրա կորուստը մեծ չէր լինում: Ես ու Աիդան գրեթե նույն տարիքին էինք. նույնն էին նաև մեր ճաշակները, մտքերը: Երբ նա մազերին ժապավեն էր կապում, ես էլ էի ուզում: Երբ ես ծովային զգեստ էի հագնում, ինքն էլ էր ուզում:
Աիդան ու ես իրար լավ էինք հասկանում: Կատարյալ դավադիրներ էինք: Երբեք չէինք մատնում իրար: Մեկիս գործած մեղքի համար երկուսիս հավասար էին պատժում, ու կարևորն այն էր, որ ոչ մեկս մյուսին չէր կշտամբում, քանի որ վերջին հաշվով նույնն էր ստացվում. ինձ պատժում էին նրա մեղքերի համար, նրան` իմ:
Վա՞տ էինք ապրում: Բոլոր դեպքերում, ինչ խոսք, լավ չէինք ապրում: Բայց դա ի՞նչ կարևոր էր, քանի որ համերաշխ էինք ապրում: Եթե միչև օրս ես աշխույժ եմ, լավատես, հույսով ու հավատով լի, այդ ծնողներիս, նրանց ուրախ բնավորությանն եմ պարտական…
Աղբյուր՝ Ազնավուրը Ազնավուրի մասին
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն