Ապրիլի 1-ը հրաշալի առիթ է ընկերներիդ ու մտերիմներիդ տրամադրությունը բարձրացնելու համար: Իհարկե, դու էլ նրանց հետ մի լավ կծիծաղես ու կուրախանաս: Եվ ամենակարևոր պայմանը, ապրիլի 1-ին նեղանալ չկա: Ուրեմն այսպես, ի՞նչ կատակներ կարելի է խաղալ ընկերների գլխին ապրիլի 1-ին:
Ուրախ տոնը կարելի է և նույնիսկ պետք է միասին նշել: Այնպես որ, ընկերներիդ հրավիրիր ձեր տուն, օրինակ, ժամը 7-ին: Մայրիկիդ զգուշացրու, որ երբ ընկերներդ գան, բոլորին ասի, որ դու դեռ տուն չես եկել: Իսկ ինքդ թաքնվիր պահարանի մեջ կամ մի այլ հարմար տեղում: Երբ ընկերներդ հավաքվեն սենյակում, մոտ 30 րոպե լուռ հետևիր, թե ինչպես են նրանք անհանգստացած այս ու այն կողմ գնում ու խոսում քո մասին: Իսկ հետո ընտրիր ճիշտ պահն ու դուրս ցատկիր թաքստոցիցդ: Ընկերներդ կամ մի լավ կվախենան, կամ կծիծաղեն: Այ հիմա էլ ճիշտ ժամանակն է նրանց թեյի հրավիրելու: Իսկ թեյի մեջ էլ շաքարի փոխարեն աղ լցնելու մասին, վստահ եմ, դու էլ շատ լավ հիշում ես:
Եթե ընկերներդ հանել են կոշիկները ձեր տուն մտնելիս, ապա կարող ես կոշիկների մեջ բամբակ դնել այնպես, որ կոշիկը մեկ համարով փոքրանա: Երբ նրանք պատրաստվեն հեռանալ, մի լավ կչարչարվեն կոշիկները հագնելիս: Բայց չմոռանաս խոստովանել արարքդ ու ևս մեկ անգամ շնորհավորել ապրիլի 1-ի առթիվ:
Թեև այս տարի խաբելու օրը աշխատանքային օր չէէ և դպրոց չենք գնում այսօր, բայց տոնը կարելի է երկարաձգել ևս մեկ օրով ու դասընկերների հետ նաև վաղը կատակել: Ահա թե ինչ կարելի է պատրաստել դասընկերների համար:
Գնիր խանութից ընկերներիցդ մեկի օրագրի ճիշտ կրկնօրինակը և աննկատ փոխարինիր նրա օրագիրը կրկնօրինակով: Եթե այդ օրը նրան նաև գրատախտակի մոտ կանչեն, ապա պետք է հասցնես ճիշտ ժամանակին բացահայտել ինքդ քեզ ու վերադարձնել իսկական օրագիրը: Եթե չծուլանաս, կարող ես գնածդ օրագիրը նաև երկուսներով լցնել: Այ դա իսկական անակնկալ կլինի ընկերոջդ ծնողների համար:
Ընկերներիցդ մեկին էլ կարող ես հաղորդագրություն գրել ու իբրև թե նրանով հրապուրված անծանոթուհու անունից ժամադրել: Իսկ երբ ընկերդ շտապի ժամադրության վայր, ուրախ ժպիտով ու մի մեծ շոկոլադով դիմավորիր նրան ու հրավիրիր միասին զվարճանալու:
Իսկ հիմա տեսնենք թե ինչ «օյիններ» կարելի է խաղալ ընտանիքի անդամների հետ: Թաքցրու տան բոլոր հողաթափերը: Զարթուցիչների ժամերը 20 րոպեով առաջ տուր: Սոսնձիր ատամի խոզանակները համապատասխան բաժակի մեջ և այլն, և այլն: Իսկ երբ չարաճճիությունների շարքն ավարտես, չմոռանաս շնորհավորանքներով բացիկի և նոր ատամի խոզանակների մասին:
Կարելի է կարել նաև եղբոր տաբատի ծայրերը ու ծիծաղելով հետևել, թե նա ինչպես է համառորեն փորձում հագնել այն: Միայն թե տես, շատ ջանք չգործադրես, թե չէ հետո ինքդ էլ չես կարողանա քանդել:
Եթե ընտանիքի անդամներից մեկը համակարգչի առջև նստած լինի, ապա կարելի է այսպիսի կատակ պատրաստել նրա համար: Հետևիր, երբ նա մեկ-երկու րոպեով հեռու գնա համակարգչից ու շտապ սեղմիր Ctrl + Print Screen կոճակներն ու ստացված պատկերը դիր համակարգչի էկրանին որպես ֆոնային նկար: Իսկ հիմա սպասիր հետևանքերին:
Վերցրու 500 դրամանոց կոպեկ, ետևի կողմում «սուպերսոսինձ» քսիր և ամրացրու, օրինակ, դպրոցի աստիճաններին կամ պարզապես փողոցում, ինչ-որ հարմար տեղ ու հետևիր, թե ինչպես մարդիկ կսկսեն չարչարվել կոպեկին տիրանալու համար:
Եվ վերջապես, եթե ցանկանում ես ապրիլի 1-ը նշել ամբողջ քաղաքի հետ, ապա ընկերներիցդ մեկի հետ հագնվեք միանման և կանգնեք նույն ճանապարհի հարևան ավտոկանգառներում: Երբ ավտոբուսն անցնի ձեզնից առաջինի կողքով, թող նա իբրև թե ուշացած սկսի վազել ավտոբուսի հետևից, բայց չհասցնի: Ավտոբուսի ուղևորները հաստատ կնկատեն նրան: Իսկ երբ ավտոբուսը հասնի հաջորդ կանգառ, ձեզնից երկրորդը իբրև թե վազեվազ թող ավտոբուս բարձրանա՝ ասելով. «Վայ, հազիվ հասա…»: Պատկերացնում եմ, թե ինչպիսի դեմքի արտահայտությամբ նրան կնայեն ավտոբուսի ուղևորները:
Դե ահա այն ամենը, ինչ անցավ իմ մտքով: Կարող ես ավելացնել այս կատակներին նաև քո հեղինակային մտքերը: Միայն թե հիշիր. կատակները միշտ պետք է բարի ու անմեղ լինեն և չվիրավորեն ոչ ոքի: Կատակն իսկական է, երբ բոլորը լիաթոք ծիծաղում են դրա վրա, այլ ոչ թե մեկը ծիծաղում է, իսկ մյուսը տխուր-տխուր քիթն է վեր քաշում: Դե ինչ, ուրախ ապրիլի 1 բոլորիս…
Աղբյուրը՝ mocak.am
Post a Comment
Հա՞յ ես, ուրեմն մեկնաբանությունդ գրիր բացառապես ՀԱՅԱՏԱՌ
Շնորհակալություն